ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ 22 սեպտեմբերի 2011 թվականի N 1359-Ն

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) տեխնիկական անվտանգության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:
2. Սույն կարգում օգտագործվում է հետևյալ հիմնական հասկացությունը`
փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության կոնկրետ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետ կամ մասնագետներ:
3. Սույն կարգում օգտագործվող մնացած հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների միևնույն իմաստը:
4. Փորձաքննության հիմնական նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին:
5. Փորձաքննությունն իրականացվում է`
1) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին՝ մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.
2) տեխնիկական անվտանգության վկայագրի նկատմամբ` մինչև ԱՎՕ-ի շահագործումը.
3) գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքներն սկսելը.
4) շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելուց հետո:

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

6. Հայաստանի Հանրապետության տարածքում փորձաքննություն իրականացնում են «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված ու լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն):
7. Փորձագետը փորձաքննության իրականացման պայմանագրի, սույն կարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն ԱՎՕ-ում իրականացնում է փորձաքննություն:
8. ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում փորձագետի կողմից ուսումնասիրվում են ԱՎՕ-ի նախագծային փաստաթղթերը, տեխնիկական անվտանգության վկայագիրը, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերը, շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները և տեխնիկական միջոցները, որոնք պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ ու սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:
9. Փորձաքննության ընթացքում փորձագետը պետք է՝
1) ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում պահպանի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջները.
2) փորձաքննություն իրականացնի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` պատշաճ որակով և ամբողջ ծավալով։
10. Փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևին համապատասխան:
11. Յուրաքանչյուր ԱՎՕ-ի համար կազմվում է առանձին փորձագիտական եզրակացություն:
12. Փորձաքննության ընթացքում, մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը, փորձագետի և ԱՎՕ շահագործող անձի միջև կարող է կազմվել բացահայտված թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:
13. Փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին՝ միջոցառումների ծրագրով սահմանված թերությունների վերացման փաստը փորձագետի կողմից արձանագրվելուց հետո:
14. Փորձաքննության իրականացման ընթացքում տեխնածին վթարի սպառնալիք առաջացնող թերությունների բացահայտման դեպքում փորձագետի կողմից անմիջապես կազմվում է անհամապատասխանության մասին փորձագիտական եզրակացություն, որում պետք է նշվեն վթարի սպառնալիք հանդիսացող խախտումները, դրանց բնույթն ու մասշտաբները:
15. Փորձագիտական եզրակացության կազմումից հետո այն ստորագրվում է փորձաքննություն իրականացրած փորձագետի և հաստատվում փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից:
16. Փորձագետի կողմից փորձաքննության իրականացումն ավարտված է համարվում փորձագիտական եզրակացության կազմման և ԱՎՕ շահագործող անձին տրամադրման պահից:
17. Փորձագետն իր կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու համար կրում է պատասխանատվություն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն:

PDF Տարբերակ Վերադառնալ 2011-09-22